Երեւանի ավագանու համապատասխան որոշմամբ 2012 թվականին ամրագրվել են շինհրապարակների կազմակերպման եւ սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները` ներառյալ տվյալ կառույցի մասին վկայող ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորումը, ինչպես նաեւ տարածքի սահմանազատումն ու պաստառապատումը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե այս հարցում փորձ է արվում միասնական մոտեցում ցուցաբերել, ինչի վկայությունը Երեւանի բազմաթիվ շինհրապարակներում պարսպապատնեշների նույնատիպ պաստառապատումներն են` Երեւանի զինանշանով եւ «Ավելի բարեկարգ Երեւան» մակնշումով: Այս ամենը նպատակ է հետապնդում, շինարարական աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ, չխաթարել քաղաքային միջավայրին բնորոշ տարրերը: Շինհրապարակների սահմանազատման այլընտրանքային հնարավորություն էլ է տրվել: Կառուցապատողները կարող են պաստառների վրա ներկայացնել կառուցվող շինության լուծումները, ճարտարապետական տեսքի էսքիզները եւ այլն: Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն վարչական պատասխանատվության` 30000 -ից մինչեւ 100000 դրամի չափով: Կառուցապատող ընկերություններին այս մասին ծանուցվել եւ լրացուցիչ իրազեկվել է: Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք:





























