Այսօրվա դրությամբ Վրաստանի հայկական համայնքը միասնական դիրքորոշում չունի երկրի նախագահական ընտրույթուններում որեւէ թեկնածուի սատարելու կապակցությամբ։ Այս մասին օգոստոսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վրացագետ Ջոննի Մելիքյանը, ընդգծելով, որ համայնքի կազմում կան թե «Վրացական երազանքի», թե «Միասնական ազգային շարժման» կողմնակիցներ։

Փորձագետի խոսքով՝ նոր իշխանությունները փորձում են անդրադառնալ հայ համայնքի խնդիրներին, սակայն պետք է հասկանանք, որ Վրաստանում ներկայումս ընթացող ներքաղաքական գործընթացները թույլ չեն տա նրանց զբաղվել իրենց նախընտրական խոստումները կատարելով։ «Ջավախքում արդեն հիասթափություն է նկատվում, ազատ արձակված քաղբանտարկյալները կազմակերպում են ակցիաներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելով, սակայն պետք է հիշենք, որ սպասումները շատ մեծ էին եւ անիրական է Վրաստանում նախքան ընտրությունները փոփոխություններ ակնկալել»,-ընդգծել է Մելիքյանը։

Նա նշել է, որ Վրաստանի հայ համայնքը այնքան էլ քաղաքականացված չէ, ինչը մեզ համար շատ բացասական երեւույթ է։ Նա նշել է, որ թեկնածուների թվում կա անգամ ադրբեջանական ծագմամբ թեկնածու, իսկ հայերից ոչ ոք չի առաջադրվել։ Նա հույս է հայտնել, որ վիրահայերը այսուհետ ավելի ակտիվ կլինեն եւ կմասնակցեն երկրի ներքաղաքական կյանքին։

Նշենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները նշանակված են ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ին։