Առնվազն զարմանալի է առողջապահության նախարարության անհամաձայնությունը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից Երեխայի պետական հավաստագրի ծրագրին առնչվող հուլիսի 30-ին կատարած հայտարարությանը, ըստ որի «առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ երեխաների հարցերով խորհրդական Լիլիթ Բանդուրյանը:
Նա նշեց, որ բոլորն են տեղյակ, թե ինչ իրավիճակ է տիրում հիվանդանոցներում եւ այդ մասին են վկայում նաեւ այն բազմաթիվ զանգերը, որ ստանում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարությունը տարածելուց հետո մինչ օրս: «Բոլոր քաղաքացիները, յուրաքանչյուրը իր անհատական օրինակով, փաստում են, որ իսկապես խնդիրը առկա է: Եվ շատ լավ է, որ խնդիրը բարձրաձայնվում է եւ հույս էին հայտնում, որ հայտարարությունից հետո ոլորտի պատասխանատուները շատ ավելի զգոն կլինեն փորձելով անել հնարավորինս խնդիրը կարգավորելու եւ երեխաների անվճար բուժօգնությունը կազմակերպելու համար»,- ավելացրեց ՄԻՊ-ի խորհրդականը: Ինչ վերաբերում է հայտարարության մեջ արված առանձին կետերին համաձայնեց, որ այն հիվանդանոցը որտեղից մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը առավել շատ թվով բողոքներ է ստացել ենթակա է մարզպետարանին եւ ավելացրեց. «Բայց նույն առողջապահության նախարարության աշխատակազմի կանոնադրությամբ, որը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ պետական առողջապահական գործակալությունում պետք է վերահսկի եւ անհրաժեշտության դեպքում նաեւ պատասխանատվության միջոցներ ձեռնարկվի օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների ոչ պատշաճ մատուցման համար»:
Նա նաեւ նշեց, որ խնդրի մասին Կարեն Անդրեասյանը բարձրացրել էր դեռեւս իր նախորդ տարվա զեկույցում, որին ի պատասխան առողջապահության նախարարությունից ասել էին, թե ձեռնարկվում են միջոցառումներ կոռուպցիոն ռիսկերի ուղված արդյունավետ մեխանիզմներ կիրառելու համար: Ինչը եւս փաստում է, որ կա բաց, որտեղ անհրաժեշտ է քայլեր կատարել: Լիլիթ Բանդուրյանը հույս հայտնեց, որ Առողջապահության նախարարությունը հավատարիմ կմնա իր հավաստիացումներին եւ Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությամբ կանի հնարավորինը երեխաների անվճար բժշկական օգնության իրավունքը երաշխավորելու համար: «Պարզապես առողջապահության նախարարության պատասխան անհամաձայնությունը նվազագույնը ազնիվ չէ»,- ավելացրեց խորհրդականը:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը արձագանքելով ՄԻՊ-ի կողմից բարձրաձայնվող խնդրին ես մեկ անգամ հիշեցրել էր, որ Երեխայի պետական հավաստագրի ծրագիրը ֆինանսավորում եւ երաշխավորում է 0-7 տարեկան երեխաների հիվանդանոցային, այլ կերպ ասած` շուրջօրյա հսկողություն պահանջող բուժօգնությունը: «Տեղեկատվությունը զետեղված է հավաստագրի դարձերեսին, ինչի մասին բազմիցս հայտարարվել է: Ինչ վերաբերում է արտահիվանդանոցային բուժօգնությանը, ապա պետության կողմից այն ապահովվում եւ ֆինանսավորվում է երեխային սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում»,- ասված էր պատասխան արձագանքում: Ինչպես հավաստիացրել թե՛ Մարդու իրավունքների պաշտպանին եւ թե՛ մեր ազգաբնակչությանը, որ ամեն ինչ անելու է երեխաների անվճար բժշկական օգնությունը պատշաճ մակարդակով ստանալու իրավունքը երաշխավորելու համար։ Միաժամանակ նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու շահագրգիռ բոլոր կառույցների, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ»,-ասված է նախարարության պատասխան հայտարարությունում:





























