Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ անթույլատրելի է, որ երկրի տարածքն օգտագործվի հարեւան երկրներն ապակայունացնելու համար։ Այս մասին Սահակաշվիլին հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ընթացքում՝ մեկնաբանելով ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այս շաբաթ կայացած հանդիպումը։

«Մենք լավ գիտենք, որ որոշ կոնկրետ մարդիկ կառավարվում են Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կողմից եւ ֆինանսավորովում են այն նպատակով, որպեսզի Ադրբեջանում քաղաքական կայունությունը չշարունակվի»,-ասել է Սահակաշվիլին, ընդգծելով, որ «Ադրբեջանի քաղաքական կայունությունը Վրաստանի քաղաքական կայունության նախադրյալն է»,-փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։

Նախագահի խոսքով, «Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները Վրաստանի համար շատ նուրբ թեմա է»։

«Մի կողմից մենք քաղաքական առումով ազատ երկիր ենք, եւ բոլորն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել։ Սակայն պատկերացրեք, որ այդ երկրների տարածքում քաղաքական գործողություններ իրականացվեն մեր դեմ, առավել եւս այլ երկրի կողմից հրահրված. դա մեզ դուր չէր գա»,-հայտարարել է Սահակաշվիլին։