Երեւանի քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել Ավան վարչական շրջանում: Ավան վարչական շրջանում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը մեկնարկել է Մյասնիկյան պողոտայի հարեւանությամբ նոր ձեւավորվող անտառպուրակի շինհրապարակից: Երեւանի զարգացման 2013թ. ծրագրերի շրջանակում բարեկարգվում է շուրջ 2.5 հա տարածք, որը համալրելու է մայրաքաղաքի անտառպուրակների շարքը: Ծրագրին իրենց մասնակցությունն ունեն նաեւ մասնավոր ընկերությունները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նոր դիզայնով ու նոր մոտեցմամբ կառուցվող հանգստի գոտին ապահովված կլինի արհեստական ջրվեժով, նստարաններով, ոռոգման համակարգով ու գիշերային լուսավորությամբ: Քաղաքապետին ներկայացվել է անտառպուրակում նախատեսվող համալիր բարեկարգման նախագիծն ու աշխատանքների ընթացքի մանրամասները: Տարոն Մարգարյանի այցելության պահին, բարեկարգմանը զուգահեռ, ընթացքի մեջ էին նաեւ կանաչապատման ու ծաղկային ձեւավորման աշխատանքները: Պատասխանատուները հավաստիացրել են, որ եւս մի քանի տարի, եւ նորաստեղծ անտառպուրակը յուրօրինակ բուֆերային գոտի կդառնա մայրաքաղաքի համար:
Շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Նարեկացի թաղամասի նորակառույց հանգստի գոտին: Այն կառուցվել է նախկինում բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում: Շնորհակալություն հայտնելով հանգստի գոտու կառուցման համար՝ բնակիչները նշել են, որ մեծ ոգեւորությամբ ու պատրաստակամությամբ են միացել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին ու սեփական նախաձեռնությամբ են ազատել զբաղեցրած տարածքները:
Բնակիչների տնօրինմանը հանձնվող հաջորդ բարեկարգ այգին Թումանյան թաղամասում էր: Քաղաքապետը շրջել է նորակառույց այգում եւ բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքները: Ծրագրի շրջանակում կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, կառուցվել է փոքրիկ շատրվանային համալիր, այգին ապահովվել է նաեւ գիշերային լուսավորությամբ: Բնակիչներն ընդգծել են, որ այգիների բարեկարգման ու կառուցման ծրագրերն իրապես կարեւոր են իրենց համար եւ վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք: Երեւանի քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ առաջիկա տարիներին կբարեկարգվեն երեւանյան բոլոր բակերը. «Այս տարի մենք 7 մեծ այգի եւ 400 բարեկարգ բակ կհանձնենք շահագործման: Մենք մեր առջեւ այդ խնդիրը դրել ենք եւ վստահ ենք, որ առաջիկա չորս տարիների ընթացքում կբարեկարգվեն երեւանյան բոլոր բակերը, այգիներն ու պուրակները»,- նշել է Երեւանի քաղաքապետը:
Աշխատանքային շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանն Ավան վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է նաեւ քաղաքապետարանի կազմակերպած «Ուրախ ամառ» բակային միջոցառումների շրջանակում անցկացվող ամառային ճամբարներ: Ամառային արձակուրդներին երեխաների առօրյան, ազատ ժամանակն առավել բովանդակալից դարձնելուն ուղղված ընդգրկուն ծրագիրն, ինչպես բակի բնակիչներն են նշել, իսկապես սպասված էր փոքրիկների համար:





























