Հայկական կողմը Ադրբեջանի քաղաքացու վիրավորվելու հետ որեւէ կապ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների նշած ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել, հայտնել է մամուլի քարտուղարը:
Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ` միջադեպը տեղի է ունեցել Գիզիլգաջիլի գյուղում: Երբ շրջանի բնակիչ Թուրալ Մուսա օղլու Մուրադովը գնում էր «Աբբասբեյն» լիճ, հայերն, իբրեւ թե, կրակել են նրա ավտոմեքենայի ուղղությամբ: Արդյունքում մեջքից վիրավոր Մուրադովին հիվանդանոց են տեղափոխել:
Ամենայն հավանականությամբ այս հորինված հրապարակումն ավագ եղբորից` Թուրքիայից հետ չմնալու ցանկություն է: 35-ամյա հովիվ Մուսթաֆա Ուլկերը խախտել էր Հայաստանի սահմանը: Նա կրակել է ռուս սահմանապահների ուղղությամբ, հետո` փորձել ներխուժել ՀՀ տարածք: Ռուս սահմանապահները պատասխան կրակ էին բացել` վիրավորելով սահմանախախտին:
Իր հերթին թուրքական Անատոլիական գործակալությունը նշել էր, որ Մուսթաֆա Ուլկերը Հայաստանի սահմանը խախտել է` որոնելով իր հոտը: Նա վիրավորվել էր, իսկ ավելի ուշ` մահացել:





























