Հայաստանից էապես ավելացել է ջրերի արտահանում, ինչպես բնական, այնպես էլ հանքային ու քաղցրացված: Մաքսային վիճակագրությունը ջրերի դասակարգումը տալիս է երկու խոշոր հոդվածով` քաղցրացված եւ չքացրացված:
Բնական ու հանքային չքաղցրացված ջրերի արտահանումը 2013 թ. առաջին կիսամյակում կազմել է 6.8 մլն լիտր (մոտ 4 մլն դոլար),ինչը համարյա երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը:
Հարկ է նշել, որ հայկական ջրերի արտահանման աշխարհագրությունը բավականին լայն է, թեեւ հիմնական սպառող շուկան մնում է Ռուսաստանը` արտահանման ընդհանուր ծավալի 88%-ը: 2013 թ., օրինակ, մեր ջրերը մեծ խմբաքանակներով (34.4 հազ. լիտր) հայտնվել են էստոնական շուկայում, Իսրայելում (15.3 հազ. լիտր), Լատվիայում` 11.2 հազ. լիտր, Լիբանանում` 22.3 հազ. լիտր: Սակայն առավել տպավորիչ է Լեհաստան արտահանման ծավալների աճը` 42 հազ. լիտր նախորդ տարիների չնչին ծավալների համեմատ: Հայկական ջրերն առաջին անգամ մեծ խմբաքանակներով հայտնվել են նաեւ Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում, Մեծ Բրիտանիայում: Մեծ խմբաքանակներ են ուղարկվել «ավանդական» շուկաներ` Ուկրաինա (171 հազ. լիտր), ԱՄՆ (135 հազ. լիտր), Ղազախստան (93.5 հազ. լիտր):




























