Հայաստանի պետական պարտքի սպասարկվում է ժամանակին եւ ամբողջ ծավալով, որեւէ մտահոգություն այս տեսանկյունից չկա: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: «Հայաստանը գրեթե բոլոր ցուցանիշներով շարունակում է դասվել աշխարհի նվազ պարտքային բեռ ունեցող երկրների շարքին: Ընդ որում, կիսամյակի տվյալներով, առկա են խնայողություններ, քանի որ փաստացի արձանագրվել է  պետական պարտքի տոկոսադրույքների սպասարկման 95.6 տոկոս կատարողական՝ հիմնականում պայմանավորված միջազգային շուկայում Libor-ի  տոկոսադրույքով եւ պետական պարտատոմսերի հետգնման ծավալներով»,- ասաց Ա. Ջանջուղազյանը:

Նշենք, որ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմում է 4.2 մլրդ դոլար, որից 3.57 մլրդ դոլար արտաքին պարտքն է, իսկ 639 մլն դոլար` ներքին պարտքը:  ՀՀ արտաքին պարտքից ավելի քան 3 մլրդ դոլարը կառավարության պարտքն է, մոտ 540 մլն դոլարը` ՀՀ կենտրոնական բանկի: