Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Շիրակի մարզում ոչ մի գաղտնի քննարկում չի անցկացրել, քանի որ հանդիպմանը մոտավորապես 30 պաշտոնյա էր ներկա, իսկ 30 մարդու հետ ի՞նչ գաղտնի քննարկում պետք է լիներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզում ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանի հանդիպմանը:

Նա տեղեկացրեց, որ դատախազ Աղվան Հովսեփյանը գնացել էր կիսամյակն ամփոփելու, իսկ հանդիպմանը մասնակցել են ուժային կառույցների ղեկավարները եւ ինքը՝ որպես մարզպետ:

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ կրիմինալի մասին խոսք անգամ չի եղել: Նա խորհուրդ տվեց նաեւ կրակոցները մոռանալ, ինչպես նաեւ նշեց, որ հիմա մարզում իրավիճակը նորմալ է: «Դատախազին պարզապես ներկայացվել է կատարված աշխատանքները եւ նա իր դիտողություններն ու առաջարկություններն է արել»,- սահմանափակվեց Ֆելիքս Ցոլակյանը: