Վճռաբեկ դատարանը չի ընդունել դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի դատավճիռը բեկանելու պահանջը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ արդեն պատրաստել են բողոքը եւ դիմելու են Եվրադատարան:
«Ներկայացնում ենք մարդու իրավունքների խախտումները, իսկ այդպիսի փաստերը շատ-շատ են: Բողոքը փոխանցելը շաբաթների հարց է»,- նշեց Կարեն Արայանի մայրը՝ հավելելով, որ իր առաջնային խնդիրը որդու արդարացումն է:
Հարցին, թե պահանջելո՞ւ են, որ Անժելա Սարգսյանը պատասխանատվության ենթարկվի զրպարտության կամ սուտ մատնության համար, թե՝ ոչ, Մարինա Արայանը պատասխանեց. «Ես հլը մի հատ առաջնահերթ ապացուցեմ, որ Կարենի գլխին սարքել են առանց փաստերի ու իրա իրավունքները խախտելով, նոր մնացած քայլերը կարվեն: Անժելան արդեն Աստծո կողմից պատժված է որպես էժանագին պոռնիկ ու թող ըտենց էլ ապրի: Ես թքած ունեմ նրա վրա, ես իրան մեղքում եմ»,- ավելացրեց Կարենի մայրը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր Անժելա Սարգսյանի նախկին ընկեր` Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարներն ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: Նոյեմբերի 20-ին, Կարեն Արայանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ նշանակվել է տուգանք` աշխատավարձի 300-ապատիկի չափով:





























