«Հրապարակը» գրում է, թե Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդու` Վարդան Հակոբյանի կողմից հուլիսի 27-ին ոստիկանական մեքենաները վնասելու  փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նախապատրաստված նյութերը երեկ ուղարկվել են  ոստիկանության Մալաթիայի բաժին: Ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին այս լուրը:

«Մեր հարցին, թե Վարդան Հակոբյանի` փախուստի դիմելուց հետո ինչու հետախուզում չի հայտարարվում, լրատվականի աշխատակից Արմեն Մալխասյանը  մեկնաբանեց նրա՝ տվյալ քրեական գործում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակով ներգրավված չլինելու հանգամանքով:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, երբ ոստիկանության աշխատակիցներն Անդրանիկ Զատիկյանի մահվան քրեական գործի շրջանակում գնացել էին խուզարկելու Լեդի Հակոբի եղբորորդու՝ Վարդան Հակոբյանի բնակարանը, վերջինս դիմել էր փախուստի, կոտրելով ոստիկանական մեքենաները: Նրան հաջողվել էր փախուստի դիմել, ոստիկաններն էլ, խուզարկություն կատարելով, հայտնաբերել էին զինամթերք ու խոշոր գումար:

Ըստ տարածված տեղեկությունների` Վարդանին խուզարկելու որոշումը Անդրանիկ Զատիկյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում էր: Նշենք, որ Զատիկյանը մահացել էր թմրանյութի գերդոզավորումից»,- գրում է թերթը: