Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Քիշնեւի եւ Մոլդովայի իշխանություններին մեղադրում է իր վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձի, ստորացնելու եւ վիրավորելու համար։ Այս ծանր մեղադրանքները կապված են իշխանությունների՝ փաստաբանի բնակարանում հարկադիր դեզինֆեկցիա անցկացնելու մտադրության հետ, գրում է www.kommersant.md-ն։
Հիեցնենք, մոլդովացի օմբուդսմենը «աչքի էր ընկել» Երեւանի կոնֆերանսում՝ հայտարարելով, որ Հայաստաը գրավել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը եւ ադրբեջանցիների ցեղասպանություն իրագործել։
Հայ պատգամավորների կոշտ արձագանքից եւ սոցցանցերում տիկին Գրիգորիուի հասցեին անհաճո մեկնաբանություններից հետո նա հայտարարել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում, եւ Հայաստանում Վրաստանի ու Ռումինիայի դեսպանատներից օգնություն էր խնդրել Երեւանից իր անվտանգ մեկնումն ապահովելու համար։ Մոլդովա հասնելուց հետո էլ բողոքել էր, որ այնտեղ էլ իրեն ապահով չի զգում։
Նախօրեին կայացած ասուլիսում Գրիգորիուն համոզմունք էր հայտնել, որ դեզինֆեկցիա անցկացնելու առաջարկը կապ ունի Երեւանում վերջերս իր հնչեցրած հայտարարությունների հետ։ Տեղի իշխանությունները սակայն հավաստիացնում են, որ դրանք իրար հետ ոչ մի կապ չունեն։
Դեզինֆեկցիայի մասին Գրեգորիուին նամակով իրազեկել է դատարանի պրետոր Միխայ Կիրլիգը։
«Պրետորն օմբուդսմենին նման պահանջ ներկայացնելու իրավունք չունի, դա նրա գործառույթը չէ»,— ընդգծել է Աուրելիան։ Տիկին Գրիգորիուն պատմել է, որ նամակն ստանալու հաջորդ օրը իր տուն է եկել ոստիկանության տեսուչը եւ «կոտրելով դուռը՝ փորձել է ներս մտնել»: Ըստ նրա՝ ոստիկանը պնդել է, որ «դա իշխանությունների կողմից նախատեսված գործողություն է», նաեւ խոստովանել է, որ դա կապված է Երեւանում Գրիգորիուի հայտարարությունների հետ, որոնց համար «ինքը պետք է պատասխան տա»: Աուրելիա Գրիգորիուն հայտնել է, որ այդ առիթով արդեն դիմել է գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել «գործին խառը բոլոր անձանց»: Ոստիկան Միխայ Կիրլիգը կատարվածի մի փոքր այլ տարբերակ է հրապարակել: Ըստ նրա՝ դեզինֆեկցիայի պահանջը պայմանավորված է եղել հարեւանների բողոքներով՝ «տիկին Գրիգորիուի բնակարանից եկող անտանելի հոտի պատճառով, որտեղ մի քանի շուն կա, որոնց պարբերաբար չեն տանում զբոսանքի»: Կիրլիգը նշել է, որ ոստիկանները եւ սանիտարական համաճարակաբանություն կենտրոնի տեսուչները բազմիցս փորձել են ներս մտնել Գրիգորիուի բնակարան, սակայն նրանց դա դեռ չի հաջողվել: Տեսուչը վստահեցրել է, որ իրավիճակը ոչ մի կերպ կապված չէ Երեւանում վերջերս տեղի ունեցած սկանդալի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը մամուլի ասուլիսին բողոքել էր, որ իր հասցեին սպառնալիքներն այդպես էլ չեն դադարել (չճշտելով, իհարկե, ում կողմից եւ ինչ տեսքով), այժմ իրեն ճնշում են նաեւ տեղական իշխանությունները: Խորհրդարանական փաստաբանի նրա մանդատի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 30-ին, տիկին Գրիգորիուն անհանգստություն է հայտնել իր ապագայի վերաբերյալ: Նա նաեւ վստահ է, որ տեղի իշխանությունները փորձում են սեւացնել իրեն, որպեսզի չկարողանա փաստաբանի մանդատի ժամկետի երկարացման փաստաթղթեր հանձնել:





























