Սփյուռքի փոխնախարար Վահե Ջիլավյանն, այօսր՝ օգոստոսի 9-ին, մասնակցել է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկած Հայագիտական համահայկական վեցերորդ օլիմպիադայի բացմանը, որին մասնակցում են 14 տարին լրացած եւ ավելի բարձր տարիքի ավելի քան 120 դպրոցական եւ շուրջ 30 ուղեկցող:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկամյա պարբերականությամբ Հայաստանում կազմակերպվող Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության եւ մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը եւ ամուր կապվել Հայրենիքին:
ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Անանյանն ընթերցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մասնակիցներին ուղղված խոսքը:
Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վ. Ջիլավյանը մասնավորապես նշել է. «ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Սփյուռքում հայապահպանությանը: Օլիմպիադայի մասնակիցները, զինվելով հայոց լեզվի, պատմության, գրականության եւ հայ եկեղեցու պատմության մասին գիտելիքներով, ժամանել են Հայրենիք: Այստեղ նրանք ոչ միայն կամրապնդեն իրենց գիտելիքները, կմրցեն միմյանց հետ, հնարավորություն կունենան այցելել Հայաստանի տեսարժան վայրեր, ավելի ամուր կկապվեն իրենց արմատներին»:
Ջիլավյանը բարձր է գնահատել նաեւ, որ 2013 թվականից առանձին անվանակարգով ավելացել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: ՀՀ սփյուռքի նախարարության կողմից գրականության համահայկական օլիմպիադայի եւ հայագիտական գիտելիքների մրցույթի համար 2009 թվականից սահմանվել է երեք անվանակարգ՝ ասմունք, ճարտասան եւ հայրենասիրական երգ եւ որպես մրցանակներ մասնակիցներին հանձնվում են «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» պատկերագրքեր եւ խտասկավառակներ:




























