«Թեպետ Հայաստանն ու Վրաստանը հայտարարում են, թե եղբայրական պետություններ են, սակայն երկու երկրների „եղբայրական հարաբերությունների“ մեջ լուրջ ձեւականություններ կան»։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։

Նրա խոսքով, վիրահայությունն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, բայց դրանցից ամենահրատապը շարունակում են մնալ հայոց լեզվին եւ Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակներ տալու, ջավախահայ ակտիվիսների հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնելու եւ սահմանային անցակետով մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժի հարցերը. «Մոտ 20 տարի է չենք կարողանում լուծել Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու հարցը. վրացական իշխանությունները շարունակում են պնդել, որ իրենց երկրում իրավական կարգավիճակ կարող է ունենալ միայն վրաց ուղղափառ եկեղեցին։ Իսկ Ջավախքի հայկական դպրոցներում ուսուցումն իրականացվում է Վրաստանում տպագրված, բազմաթիվ խեղաթյուրումներ պարունակող դասագրքերով»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ խնդիրների լուծման ճանապարհին կարեւոր է, որ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ իրենց վրացի գործընկերներին հանդիպելու ժամանակ զբաղվեն այդ խնդիրների վերհանման հարցերով։

ԱԺ պատգամավորի խոսքով, վրացական իշխանությունների կողմից «ջայլամային քաղաքականության» եւ ճնշումների ավելացմանը զուգահեռ՝ ջավախահայությունն այսօր արդեն ինքնավարության խնդիր է առաջ քաշում. «Մի օր Ջավախքը կդառնա կամ հանգչող Նախիջեւան կամ պոռթկացող Ղարաբաղ»,- նշեց Շ. Թորոսյանը։

Անդրադառնալով Վերին Լարսի անցակետի բացմանը՝ նա նկատեց, որ դա ձեռնտու է առավելապես Վրաստանին. "Թող տպավորություն չստեղծվի, թե Վրաստանը մեծահոգություն է ցուցաբերում «եղբայրական» Հայաստանի հանդեպ, չնայած որ Վերին Լարսի բացումը շահավետ է նաեւ մեզ համար ",- ամփոփեց նա։