ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում հանցագործություն են մարդկության դեմ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 2-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա` Սիրիան կդառնա չորրորդ դեպքը, երբ ԱՄՆ-ն առանց որեւէ հիմնավոր պատճառի ներխուժում է այլ երկիր եւ ոչնչացնում այն: «Իրաք, Աֆղանստան, Լիբիա եւ այժմ Սիրիա: Ես այդ գործողություններում  այնտեղ ապրող ժողովուրդների կյանքն էլ ավելի լավը դարձնելու մտադրություն չեմ տեսնում: Ես չեմ հասկանում, թե, ասենք, Քադաֆին ինչով էր վատ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունից:  Իմ կարծիքով, նա ավելի շատ էր մտածում իր քաղաքացիների մասին»:

Մանուչարյանը նաեւ հայտնել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները կունենան ամենաանկանխատեսելի եւ ծանր հետեւանքները, հատկապես հաշվի առնելով, որ շատ երկրներում քիմիական զենքը պահվում է բնակավայրերում:

Մանուչարյանը նաեւ նշել է, որ Հայաստանի կախվածության աստիճանը շատ լավ դրսեւորվել է Սիրիայի նկատմամբ երկրի ունեցած դիրքորոշմամբ: «Եթե Հայաստանն անկախ պետություն լիներ, ապա կխզեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ի ղեկավարության գործողության միջազգային քննություն կպահանջեր եւ ԱՄՆ-ն կհայտարարեր ահաբեկիչ պետություն»: Սակայն, ըստ Մանուչարյանի, եթե Հայաստանի իշխանություններն այդպես չեն վարվում, ապա նման պահանջներով պետք է հանդես գա գոնե ընդդիմությունը:

Մեկնաբանելով հարցը՝ կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը Սիրիա ներխուժումից օգտվել Ղարաբաղի հարցում ռազմական ավանտյուրայի դիմելու համար, Մանուչարյանը նշել է, որ դեպքերի նման զարգացման պարագայում «Ադրբեջանն այլ խնդիրներ կունենա»:

Նա հստակեցրել է, որ իր գործողություններով ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ միջազգային օրենսդրությունը չի գործում, նոր տրամաբանություն է գործում:

Նոր տրամաբանությունն արագ յուրացնում են այլ երկրները՝ Իրանը, Չինաստանը եւ Ռուսաստանը, դրա համար էլ սիրիայի համար պատասխանը անհամաչափ կլինի:

«Պատասխանն անհամաչափ կլինի, Դուք մեզ հարվածում եք Սիրիայում, մենք ձեզ՝ այլ կետերում»,-  կարծում է Մանուչարյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am