Ուկրաինայում «Starlink» արբանյակային համակարգի աշխատանքի դանդաղումից հետո ԵՄ երկրներն ակտիվացրել են սեփական պաշտպանական կարողությունների զարգացման և ԱՄՆ-ից կախվածության նվազեցման շուրջ քննարկումները։ Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ հոկտեմբերի 15-16-ը կայացած ԵՄ գագաթնաժողովում մասնակիցները քննարկել են համակարգի աշխատանքում տեղ գտած խափանումները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ու Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի միջև ծագած հերթական հրապարակային վեճը։ Եվրոպացի պաշտոնյաները դիտարկել են սեփական հնարավորությունների ընդլայնման և առանցքային տեխնոլոգիաներ մատակարարողների դիվերսիֆիկացման տարբերակները։
Միևնույն ժամանակ, նման ծրագրերի իրականացումը մի քանի տարի կպահանջի, նշել է Bloomberg-ի աղբյուրը։ Որպես առավել հասանելի լուծում՝ գործակալությունը մատնանշում է եվրոպական երկրների ներգրավվածության մեծացումը գործող կառույցներում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ում։





























