DeepSeek տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Լյան Վենֆենն առաջին անգամ ընդգրկվել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց Hurun վարկանիշային ցանկում (Forbes-ի չինական նմանակը): Hurun Research Institute վարկանիշային գործակալության՝ հոկտեմբերի 27-ին հրապարակված զեկույցում նրա կարողությունը գնահատվել է 280 մլրդ յուան (շուրջ 42 մլրդ դոլար)։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ByteDance ընկերության հիմնադիր Չժան Իմինը՝ 670 մլրդ յուան (100 մլրդ դոլար) կապիտալով: Երկրորդ հորիզոնականում շշալցված ջրի արտադրությամբ զբաղվող Nongfu Spring ընկերության սեփականատեր Չժուն Շանշանն է. նրա կարողությունը հասել է 410 մլրդ յուանի (61 մլրդ դոլար)։ Երրորդ տեղը զբաղեցրել է մարտկոցներ արտադրող CATL ընկերության հիմնադիր Ցզեն Յուցյունը՝ 385 մլրդ յուան (58 մլրդ դոլար) կարողությամբ։

Չորրորդ հորիզոնականը բաժին է հասել Tencent կորպորացիայի հիմնադիր Մա Հուաթենին, որի կարողությունը կազմում է 346 մլրդ յուան (52 մլրդ դոլար)։ Նրան հաջորդում են կենցաղային տեխնիկա արտադրող Midea ընկերության հիմնադիր Հե Սյանցզյանի ընտանիքը՝ 310 մլրդ յուան (46 մլրդ դոլար) կապիտալով, և Hengli կոնգլոմերատի հիմնադիրներ Չեն Ցզյանհուան ու Ֆան Հունվեյը՝ 302 մլրդ յուան (45 մլրդ դոլար) կարողությամբ։

Այս ցուցանիշով Լյան Վենֆենն առաջ է անցել NetEase ինտերնետային ընկերության հիմնադիր Դին Լեյից, որի կարողությունը գնահատվել է 275 մլրդ յուան (41 մլրդ դոլար): Վերջինս զբաղեցրել է ցանկի ութերորդ հորիզոնականը։