Սեպտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, «Ծածկած շուկայի» մոտ վերսկսվեց «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խմբի բողոքի ակցիան՝ «Ծածկած շուկայի» շինարարությունը դադարեցնելու պահանջով: Դեռ կեսօրից շուկայի տարածքում հավաքվել էին շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանի աջակիցները: Նրանց թիվն այսօր եռապատկվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խումբը տարածել էր հաղորդագրություն, որում տեղեկացնում էին, որ «Սամվել Ալեքսանյանը հրահանգել է իր բոլոր հիմնարկների աշխատողներին սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին լինել «Փակ շուկայի» տարածքում»:
Օլիգարխի պաշտպանները շուկա են եկել «Մենք պահանջում ենք նոր աշխատատեղեր, «Ուզում ենք ապրել մաքուր քաղաքում», «Կեղծ ընդդիմադիրներ» գրություններով ցուցապաստառներով:
Ժամը 13:30-ի սահմանում միջադեպ է գրանցվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի եւ Սամվել Ալեքսանյանի երկու կողմնակիցների միջեւ: Վերջինները խլել ու պատռել են Գասպարիի ցուցապաստառը, սկսվել է քաշքշուկ, ոստիկանները երեքին էլ բերման են ենթարկել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























