Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շրջանակներում Բրազիլիայի «Էստադո դե Դիրեյտո» («Իրավունքի երկիր») թերթի նախաձեռնությամբ եւ Սարայվա գրախանութային համալիրի հովանավորությամբ կայացել է «Հայոց ցեղասպանության» 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել բրազիլացի իրավաբաններ, բարձրագույն իրավաբանական հաստատությունների ուսանողներ ու դասախոսներ, Սան Պուլոյում ՀՀ Պատվո հյուպատոս Տիրուհի Բուրմայանը, բրազիլահայ միությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ, նահանգային եւ քաղաքային խորհրդարանի անդամներ:
Ելույթներով հանդես են եկել Բրազիլիայում Հայ դատի հանձնախմբի նախագահ, պրոֆեսոր Օննիկ Թամջյանը, ճանաչված պատմաբան, Ցեղասպանության եւ մարդու իրավունքներիի հարցերով լատինաամերիկյան կենտրոնի ներկայացուցիչ Հեյտոր դե Լոուրեյրոն, փաստաբան Էլիաս Կատուջյանը, Ինստիտուցիոնալ հարցերի իրավունքի ասոցիացիայի տնօրեն, փաստաբան Հելսիո Ժունիորը:
Ելույթների ընթացքում կարեւորվել է միջազգային հանրության կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը, քննարկվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերը, ցուցադրվել Ցեղասպանությանն առնչվող լուսանկարներ եւ փաստավավերագրական ֆիլմերի հատվածներ:
Միջոցառման ավարտին կայացել է համերգ` հայազգի ճանաչված դաշնակահարուհի Անահիտ Կոմագյանի կատարմամբ:
Ավելի վաղ՝ օգոստոսի 26-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի բրազիլական մասնաճյուղը` ի դեմս Կանադայում հիմնադրամի նախագահ Մկրտիչ Մկրտչյանի, Սան Պաուլոյի կենտրոնական գրատանը կազմակերպել էր դասախոսություն «1988-1994թթ. վեց տարիներ, որոնք վերափոխեցին Հայոց աշխարհը» խորագրով` նվիրված ղարաբաղյան շարժման 25-ամյակին:
Գրատան լեփ - լեցուն դահլիճում տեղի ունեցած դասախոսությանը ներկա էին համայնքային միությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սան Պաուլոյի համալսարանի հայագիտական ամբիոնի ուսանողներ, դասախոսներ եւ ուրիշներ:
Դասախոսության ընթացքում ունկնդիրներին ներկայացվեց Լեռնային Ղարաբաղի, ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը եւ զարգացումները, կարեւորվել է տարբեր երկրների հայ համայնքների աջակցությունը Արցախի բնակչությանը, ցուցադրվել են կարճամետրաժ ֆիլմեր եւ լուսանկարներ:




























