Սիրիայի վրա հարձակվելու Բարաք Օբամայի ծրագրերը նրա քաղաքական դեմքը փրկելու նպատակ ունեն, Facebook-ի իր էջում գրել է Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինը, ով նախագահին քննադատել է Սիրիայում առանց բավարար հիմքերի պատերազմ սկսելու մտադրության համար: Facebook-յան իր գրառումը նա վերնագրել է «Թող Ալլահն այս հարցը լուծի» (Let Allah Sort it Out):
«Բանն այն է, որ խոսքը նախագահ Օբամայի քաղաքական դեմքը փրկելու մասին է՝ քիմիական զենքի հարցում «կարմիր գծի» խոստման հետ կապված», - գրել է Փեյլինը, հայտնում է «Իսրայելի 9-րդ ալիքը»:
«Մենք վստահ չենք պատերազմի բարենպաստ ելքի եւ այն հարցում, թե ինչն է հանգեցրել դրան (…) : Եթե նրանք գոչում են «Ալլահ Աքբար», ապա թող Ալլահն էլ լուծի այդ հարցը», հայտնել է Փեյլինը, գրում է The Huffington Post-ը:
Փեյլինը նաեւ Բարաք Օբամային համեմատել է նախագահ Ջորջ Բուշի հետ: «Նոբելյան մրցանակի հետ մեր նախագահը պետք է ստանա նաեւ Կոնգրեսի հավանությունը` պատերազմն սկսելուց առաջ: Անհեթեթություն է պնդելը, թե «դե, Բուշն արեց դա»: Նախագահ Բուշը ստացել էր Կոնգրեսի եւ մեր դաշնակիցների աջակցությունը», - շարունակել է Փեյլինը, հաղորդում է gazeta.ru-ն:
Որպես վերնագիր Փեյլինի կիրառած արտահայտությունը պապի կտակագիր, Խաչակրաց արշավանքի մասնակից Առնոլդ Ամալրիկին (մահացել է 1225թ.) է պատկանում: Այն «Սպանիր բոլորին, եւ թող Աստված նրանց հարցերը լուծի» (Kill them all and let God sort them out) թեւավոր արտահայտության փոփոխված տարբերակն է:





























