Ոչ թե ՆԱՏՕ-ն, այլ միջազգային հանրությունը պետք է արձագանքի Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը, կարծում է կազմակերպության գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Ես ՆԱՏՕ-ի լրացուցիչ դեր չեմ տեսնում»,-հայտարարել է նա սեպտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Սիրիայում տիրող իրավիճակը ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակիցների քաղաքական խորհրդակցությունների թեմա է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի առանձին անդամների՝ հարձակում իրականացնելու որոշման դեպքում կարող է օգտագործվել դաշինքի ռազմական ենթակառուցվածքը: Ընդ որում, հնարավոր ռազմական օպերացիային ՆԱՏՕ-ի մասնակցությունը գլխավոր քարտուղարը բացառել է:

Reuters -ի տվյալներով՝ Ռասմուսենը հայտարարել է, որ չի կասկածում, որ Սիրիայում քիմիական զենք կիրառել են իշխանությունները:

Ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հստակ չի պատասխանել այն հարցին, թե ինչ ապացույցներ կան, որ քիմիական զենքը կիրառել են հենց իշխանությունները, այլ ոչ թե գրոհայինները՝ նշելով, որ դա «դաշինքի՝ հետախուզական տեղեկատվությունը չմեկնաբանելու սկզբունքն» է: Արդյունքում՝ նա նշել է, որ առայժմ «պատասխան գործողությունների վերաբերյալ հստակ որոշում չի կայացվել»: