Բրազիլիայի ԱԳՆ-ն պարզաբանումների է կանչել ԱՄՆ դեսպանին՝ կապված ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Բրազիլիայի եւ եւ Մեքսիկայի նախագահներ Դիլմա Ռուսեֆի եւ Էնրիկե Պենյա Նյետոյի հեռախոսային խոսակցությունները եւ բջջային հաղորդագրությունները լրտեսելու մասին տեղեկատվության հետ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով բրազիլական Globo հեռուստաալիքը, Բրազիլիայի ԱԳՆ-ն պահանջել է ԱՄՆ դեսպանից պարզաբանումներ ներկայացնել իրավիճակի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ բրազիլական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ներկայացրած փաստաթղթերը, հայտնել են, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հատուկ ծրագրերի օգնությամբ գաղտնալսել է Բրազիլիայի նախագահի եւ նրա օգնականների հեռախոսային խոսակցություններն ու համակարգչային շփումները: