Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքացիական կինը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենք դեռեւս չեն նախատեսում պաշտոնապես ամուսնանալ: Վալերի Տրիերվեյլերի խոսքով՝ ինքը դեռեւս որեւէ բարդության առջեւ չի կանգնել պետական արձանագրությունների առումով:

Մասնավորապես, նա ֆրանսիական լրատվամիջոցներին պատմել է, որ սեպտեմբերի 3-ին իրենք Օլանդի հետ կընդունեն Գերմանիայի նախագահական զույգին: «Նրանք, պատկերացրեք, ամուսնացած չեն: Իսկ գիտե՞ք, թե ինչով է ժամանակին զբաղվել Գերմանիայի նախագահի ընկերուհին: Նա քաղաքական լրագրող է եղել: Տեսնում եք, իմ իրավիճակը նույնն է»,-ասել է Վալերի Տրիերվեյլերը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հարցին, թե տեսանելի հեռանկարում հարսանիք լինելո՞ւ է, նա պատասխանել է. «Առայժմ առանց մեկնաբանությունների»: