Փաստահավաք խմբի նախկին անդամներ` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ու «Ժառանգությունը» ներկայացնող Սեդա Սաֆարյանը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին են ներկայացրել իրենց հերթական զեկույցը մարտի 1-ի զոհերից մեկի՝ ոստիկանության 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ:
Փորձագետները մեկ առ մեկ շարադրել են Հատուկ քննչական ծառայության, ոստիկանության եւ այլ պատասխանատու անձանց կատարած ապօրինությունները, գործի քննության ընթացքում միտումնավոր կատարված բացթողումները, թերությունները:
Հիշեցնենք, որ Տիգրան Աբգարյանը 2008թ. մարտի 1-ին, ժամը 22.20-ին «պարանոցի հրազենային միջանցիկ վիրավորում» ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց: 40 օր անգիտակից վիճակում գտնվելուց հետո՝ նա ապրիլի 11-ին մահացել էր Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտում: Ըստ պաշտոնական ՚վարկածի՝ Աբգարյանը մահացել է ցուցարարների արձակած գնդակից, մինչդեռ, ըստ փաստահավաքի անդամների՝ «Տիգրան Աբգարյանին հասցված հրազենային վնասվածքները պատճառվել են ավտոմատ զենքից, ընդհուպ՝ կրակահերթով, ինչը բացառում է մինչ այսօր հնչեցված պաշտոնական տեսակետը առ այն, որ Տիգրան Աբգարյանը վիրավորվել է ցուցարարի կողմից հեռու տարածությունից կատարված կրակոցի արդյունքում»:
Ըստ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի՝ Տիգրանի մարմնի վնասվածքներն ուսումաասիրած փորձագետները «ակնհայտորեն պաշտպանել են մեկ գիծ` բացառել այն ամենը, ինչը կհաստատեր ընդհուպ կրակոցի եւ ֆիզիկական ներգործության փաստը, եւ առկա փաստերի „լղոզման“ արդյունքում հիմնավորել պաշտոնական վարկածը»: «ՀՔԾ-ն նՆաեւ լուրջ ջանքեր է գործադրել Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները աղավաղելու ուղղությամբ: Քննությունը կատարվել է խիստ թերի, չեն նշանակվել անհրաժեշտ համալիր փորձաքննություններ, չեն առգրավվել եւ չեն զննվել հագուստները, չեն վերացվել գործում առկա բազմաթիվ հակասությունները: Տիգրան Աբգարյանի սպանության փաստով իսպառ բացակայել է նախաքննության օրինականության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողությունը»:
Փաստահավաքի նախկին անդամները զեկույցն ուղարկել են Սամվել Նիկոյանին՝ հանձնաժողովի վերջնական զեկույցում ընդգրկելու եւ փաստերի հիման վրա եզրահանգումներ կատարելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ զեկույցը եղել է ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին առնչվող զեկույցը, եւ կրկին փաստահավաք խումբն ապացուցել էր, որ ոստիկանության սպան մահացել է ոչ թե ցուցարարների նետած, այլ իր ձեռքում պայթած ռումբի պայթյունից: Այդ զեկույցից հետո փաստահավաք խումբը կազմալուծվեց:




























