Մուամար Քադաֆիի օրոք պաշտոնավարած Լիբիայի հետախուզության նախկին պետ Աբդուլա Սենուսիի դստերը՝ Անուդին, առեւանգել են Տրիպոլիի բանտից ազատվելուց անմիջապես հետո: Մինչեւ ատամները զինված անձինք հարձակվել են կնոջն ուղեկցող ոստիկանների վրա:

Սենուսիի դստերն ուղեկցող ավտոշարասյունը սեպտեմբերի 2-ին ոստիկանության ուղեկցությամբ մեկնում էր օդանավակայան, որտեղից մտադիր էր թռչել Լիբիայի հարավում գտնվող Սեբհա քաղաք: Սակայն բանտի դարպասներից նրանք ընդամենը 50 մ են հասցրել հեռանալ: «Ավտոշարասյունը հինգ մեքենաներից կազմված թակարդն է ընկել: Հարձակվողները մինչեւ ատամները զինված էին եւ սկսեցին կրակել, բայց արագ պարզ դարձավ, որ նրանք հենց աղջկան էին ցանկանում տանել: Ոչ ոք չի տուժել»,- հայտնել է արդարադատության նախարար Սալահ Մարգանին, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Կինն ազատություն էր ստացել բանտային 10-ամսյա ժամկետից հետո, որը կրում էր 2012թ. կեղծ անձնագրով սահմանը հատելու համար, երբ բանտում այցելության էր եկել հորը: Աբդուլա Սենուսին բանտում է գտնվում՝ Քադաֆիի օրոք գործած հանցանքների մեղադրանքով: