Իտալիայի Կարարա քույր քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբիանիի հրավերով, օգոստոսի 22-25-ին Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դ. Գեւորգյանը մասնակցել է «Ֆեստա դե լա Բիրա-Սեպտեմբերֆեստ 2013» ամենամյա փառատոնին։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Կարարայի քաղաքապետին ՝ Դ. Գեւորգյանը վերջինիս եւ Կարարայի քաղաքացիներին է փոխանցել քաղաքապետի շնորհավորանքներն ու ուղերձը։ Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաեւ քննարկում ԵԽ կողմից ֆինանսավորվող «Երիտասարդ գործարարների փոխանակման» ծրագրի շրջանակներում Երեւան-Կարարա-Գրաս-Օպոլ-Ինգոլշտատ քույր քաղաքների միջեւ ցանցային համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Կարարայի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում վերջինս, սիրով ընդունելով Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանի հրավերը, իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցել «Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարությանը։ Այցի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը նաեւ հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Ինգոլշտատ քաղաքի քաղաքապետի եւ Գրասի փոխքաղաքապետի հետ։
Հիշեցնենք, որ Երեւան եւ Կարարա քաղաքների միջեւ բարեկամության առաջին հիմնաքարը դրվել է 1962-ին։ 1973 թ. սեպտեմբերի 12–ին Երեւանում ստորագրվել է փաստաթուղթ, որով Երեւանի քաղսովետի գործադիր կոմիտեն եւ Կարարայի մունիցիպալ խորհուրդը որոշում են կայացրել ամրապնդել 2 քաղաքների միջեւ ստեղծված բարեկամական կապերը։
Երեւան եւ Կարարա համագործակցության շրջանակներում 1964թ. մայիսի 20–ին Մոսկովյան եւ Տերյան փողոցների հատման մասում տեղադրվել է «Բարեկամության ձեռքեր» մարմարե հուշարձանը, որը Կարարայի նվերն էր Երեւան քաղաքին։ Որպես պատասխան՝ հայկական կողմը Կարարայի քաղաքապետարանին է նվիրել տուֆից պատրաստված խաչքար–աղբյուր, որը տեղադրված է Կարարայի Երեւանի զբոսայգում։ Խաչքար–աղբյուրի կրկնօրինակը տեղադրված է նաեւ Երեւանում՝ «Բարեկամության ձեռքերից» ոչ հեռու։




























