Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է KFW եւ WWF-ի ներկայացուցիչներին եւ նրանց հետ քննարկել «Արփի լիճ» ազգային պարկի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաեւ բաց դրամաշնորհային ծրագրի խորհրդատուի ընտրության առաջին փուլի եւ նախատեսվող մրցույթի հայտարարման մասին հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ վերջին տարիների համագործակցությունը հանգեցրել է բավականին լուրջ արդյունքների, որոնք տեսանելի են ոչ միայն կողմերին, այլ նաեւ հանրությանը: «Այն պայմանավորվածությանները, որոնք այսօր ձեռք կբերվեն, մենք պատրաստ ենք առանց շեղումների կյանքի կոչել: Կարծում եմ, որ դրանք փոփոխման ենթակա չեն լինի»,- նշել է Արամ հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով նախարարին գերմանական երկու կառույցների ներկայացուցիչներին ընդունելու համար՝ դեսպան Մորելը նշել է, որ գերմանական կողմը  պատրաստ է իր ջանքերը նպատակաուղղել խնդրո առարկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ: