ԱՄՆ-ն չի ցանկանա Սիրիայում նոր երկարաձիգ պատերազմի մեջ ներքաշվել: Սեպտեմբերի 3-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել արեւելագետ Սուրեն Մանուկյանը:
Նրա կարծիքով՝ Նահանգների համար ավելի շահեկան է Սիրիայում «կառավարելի քաոս» պահպանել՝ ընդդիմությանը ֆինանսավորելով: «Դա օգնում է տարածաշրջանն ավելի քիչ ռեսուրսներով կառավարել եւ հնարավորություն է տալիս կենտրոնանալ ներքին խնդիրների լուծման վրա»,-ընդգծել է Մանուկյանը: Նրա կարծիքով՝ եթե չլիներ այդ աջակցությունը, ապա Սիրիայում պատերազմը մեկ ամսից էլ շուտ կավարտվեր: «Դա կասկած չի հարուցում՝ հաշվի առնելով գրոհայինների բարոյական վիճակը, նրանց զինվածության եւ ռազմական պատրաստվածության մակարդակը»,-նշել է արեւելագետը:
Նրա կարծիքով՝ նախքան Կոնգրեսի՝ սեպտեմբերի 9-ին կայանալիք նիստը, Սիրիայում ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է: «Ճիշտ է, նախագահն իրավունք ունի ռազմական գործողություններ սկսել առանց Կոնգրեսի որոշման՝ 60 օրվա ընթացքում: Այդ միջոցը կիրառվեց Լիբիայում: Սակայն ակնհայտ է, որ Օբաման պատերազմ չի ցանկանում: Նա այդ առումով վերջինն է արտահայտվել, երբ խոսել էին պաշտպանության նախարարը, փոխնախագահը, պետքարտուղարը: Այդ ընթացքում Օբաման սպասում էր, ինչը շատ բան է ասում»,-հայտարարել է Մանուկյանը:
Մեկ այլ հարց է, թե ինչպիսի հարվածներ կհասցվեն՝ տեղային՝ սիրիական զորքերի կուտակումներին, թե կանոնավոր՝ ինչպես Լիբիայում: «Վստահորեն կարելի է ասել, որ դժվար թե հարվածներ հասցվեն այն սիրիական նավահանգիստներին, որտեղ ռուսական ռազմանվերն են»,-ընդգծել է Մանուկյանը:
Իրավիճակը բարդացնում է եւ այն, որ Նահանգներն առայժմ չեն կարողանում կոալիցիա կազմել: «ԱՄՆ պաշտպանության նախարարը հստակորեն ասել է, որ առանց կոալիցիայի հարվածներ չեն լինի: Սակայն ԱՄՆ կողմից մշակվող հնարավոր տարբերակները առայժմ հաջող չեն: Իրաքը հրաժարվել է կոալիցիա կազմել, Քաթարը չեզոքություն է պահպանում: Եգիպտոսն անգամ հայտարարել է Սուեզի ջրանցքը փակելու հնարավորության մասին: Այդ պատճառով մնում են միայն Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան: Իսկ նման երկրների հետ ժողովրդավարության համար պայքարելը համոզիչ չէ: Այդ պատճառով ԱՄՆ-ն պետք է մեկ այլ ուղի մտածի»,-ասել է Մանուկյանը:
Նման տարբերակ կարող է հանդիսանալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում քվեարկությունը, քանի որ Անվտանգության խորհրդում հարձակման մասին որոշում կայացնել չի հաջողվի Ռուսաստանի եւ Չինաստանի հակազդեցության պաճառով: «Ամենայն հավանականությամբ մինչեւ սեպտեմբերի 9-ը ԱՄՆ-ն «կմշակի» Գլխավոր վեհաժողովի երկրներին՝ խոստումներով կամ ուժով, որպեսզի քվեարկությունն իր օգտին անցկացվի եւ գոնե ինչ-որ փաստաթուղթ ունենա: Դա պետք է, որպեսզի գոնե ֆորմակ առումով ագրեսոր չհանդիսանա»,-եզրափակել է արեւելագետը:





























