Այսօր Իսրայելը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության «տեխնիկական աջակցությամբ» Միջերկրական ծովում հրթիռային փորձարկումներ է իրականացրել, հաղորդել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը:
Նրա տվյալներով, «Միջերկրական ծովի երկնքում հրթիռ-թիրախների ամառային փորձարկում է անցկացվել: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցչի տվյալներով, փորձը վաղուց էր նախագծվել՝ Իսրայելին սպառնացող վտանգների հայտնաբերման ու վերահսկման համար նախատեսված հակահրթիռային պաշտպանության «Ստրելա» համակարգի հնարավորությունների ավելացման նպատակով»:
Լիթլը հիշեցրել է, որ «ԱՄՆ-ն ու Իսրայելը համագործակցում էն ՀՀՊ ոլորտում մի շարք երկարաժամկետ համաձայնագրերի շրջանակներում՝ տարածաշրջանի ուղղությամբ ընդհանուր սպառնալիքների կանխարգելման համար»:
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ «տվյալ փորձարկումը որեւէ առնչություն չունի ԱՄՆ-ի կողմից Սիրիայում, ի պատասխան քիմիական հարձակման, նախատեսվող ռազմական միջամտության հետ», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսաստանյան Հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի սարքավորումները գրանցել էին Միջերկրական ծովում երկու բալիստիկ թիրախների մեկնարկ:
Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ դրանք բաց են թողել իսրայելցի զինվորականները՝ ամերիկացի գործընկերների հետ համատեղ փորձարկումների շրջանակներում:





























