ԱՄՆ կողմից Սիրիային ուղղված ռազմական հարվածը պետք է սահմանափակ լինի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ:

«Դա սահմանափակ, համարժեք քայլ է, որը հստակ ազդակ կուղարկի ոչ միայն Ասադի ռեժիմին, այլեւ այլ երկրներ, որոնք կարող են շահագրգռված լինել փորձարկել միջազգային նորմերը: Դա նաեւ մեզ հնարավորություն է տալիս նվազեցնել Ասադի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորությունները»,-ասել է Օբաման: Նա հավելել է, որ Կոնգրեսի հավանությանն է սպասում արդեն հաջորդ շաբաթ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ որոշել է հարվածներ հասցնել Սիրիային, բայց հետո անսպասելիորեն հայտարարել էր գործողությունը հետաձգելու մասին՝ վկայակոչելով Կոնգրեսի հավանության անհրաժեշտությունը:

Սիրիային ռազմական հարված հասցնելու պատճառը Սիրիայի իշխանությունների կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ քիմիական զենքի կիրառումն է: Միաժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենց ունեցած տվյալներով քիմիական զենքը կիրառել են ընդդիմության զինյալները: Նույնը պնդում են նաեւ Սիրիայի իշխանությունները: ՄԱԿ-ի հանձնաժողովը, որը հետաքննում է Դամասկոսի մոտ տեղի ունեցած միջադեպը, դեռեւս չի ներկայացրել իր եզրահանգումները: