Երկարատեւ քննարկումներից հետո ԱՄՆ-ի սենատի հանձնաժողովը համաձայնեցրել է բանաձեւի նախագիծը, որը Վաշինգտոնին լիազորում է ռազմական ուժ կիրառել Սիրիայի դեմ, վերջնական քվեարկությունը նախատեսված է սեպտեմբերի 4-ին:

Փաստաթղթի համաձայնեցմանը նախորդել էին լսումներ, որոնց ընթացքում ելույթ են ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը եւ Զինված ուժերի շտաբի ղեկավարների կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` բանաձեւի համաձայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի կողմից հավանություն ստանալուց հետո  Սիրիայի դեմ 60 օրվա ընթացքում ռազմական ուժ կիրառելու հրաման պետք է արձակի: Նախատեսվում է այդ ժամկետը երկարաձգել 30 օրով: 90 օրվա ընթացքում արաբական հանրապետության դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը պետք է ավարտված լինի: Բացի դրանից, փաստաթուղթը արգելում է Սիրիայում օգտագործել ԱՄՆ-ի ցամաքային զորքերը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Politico-ն ընդգծում է, որ բաց է մնում այն հարցը, թե Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից բանաձեւն ընդունելու դեպքում կհաջողվի արդյոք Սենատում ամբողջական քվեարկության հասնել: Փաստաթղթին անհրաժեշտ է սկզբնական քվեարկության ժամանակ ստանալ 60 սենատորների աջակցությունը:  

Սենատում մեծամասնություն կազմող Դեմոկրատական կուսակցությունը կարծում է, որ կարող է համախմբել 45-50 մարդ:  Սակայն հայտնի է նաեւ, որ Սենատում բազմաթիվ շարքային հանրապետականներ չեն աջակցում  Սիրիայի զինված ներքին հակամարտությանը միջամտելու գաղափարը: 

ԱՄՆ-ն Սիրիայի դեմ իր հավանական ռազմական գործողության ընթացքում դիտարկում է նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությունը: Այս մասին Կոնգրեսում հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Նա հայտնել է, որ հանգստյան օրերին Լիտվայի մայրաքաղաքում հանդիպելու է  եվրոպական գործընկերներին, հանդիպմանը կքննակվեն նաեւ Սիրիայի դեմ գործողությունում ՆԱՏՕ-ի հնարավոր մասնակցության հետ կապված հարցեր:

Հայտնի է, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն պաշտոնապես հրաժարվել էր մասնակցել Սիրիայի դեմ գործողությանը: