WikiLeaks-ի ինֆորմատոր Բրեդլի Մենինգը, որը ԱՄՆ-ի զինվորական դատարանի կողմից 35 տարվա ազատազրկման է դատապարտվել, ներում շնորհելու խնդրանքով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։
«Խնդրանքը փոխանցվել է սեպտեմբերի 3-ին», - Մենինգի փաստաբան Դեյվիդ Կումբսի խոսքերն է մեջբերում AFP-ն։ Օգոստոսի վերջին Կումբսը հայտարարել էր, որ Մենինգը Օբամային ուղղված նամակ է պատրաստել՝ ներման կամ պատժի մեղմացման խնդրանքով։ Նամակում նախկին զինծառայողը գրել է, որ չի ցանկացել վնասել ԱՄՆ-ին, այլ ցանկացել է օգնել մարդկանց։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջոշ Էռնեստը վստահեցրել է, որ եթե այդ փաստաթուղթը հայտնվի պետության ղեկավարի մոտ, ապա այն կդիտարկվի ընդունված կարգի համաձայն, հաղորդում է NEWSru.com-ը:
Ցամաքային զորքերի առաջին կարգի շարքայինի կոչում ունեցող Մենինգը կալանավորվել էր 2010թ.` Քուվեյթի ամերիկյան զորամասում: Նա WikiLeaks-ին 700 հազար ռազմական եւ դիվանագիտական փաստաթղթեր էր հանձնել, ինչպես նաեւ 2009-2010թթ. Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը վերաբերող տեսանյութեր: Դա ԱՄՆ-ի պատմության մեջ գաղտնի տեղեկության ամենախոշոր արտահոսքն էր:





























