2008 մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման համար ստեղծված, ապա լուծարված փորձագետների փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանն առաջիկայում նոր, թվով 5-րդ զեկույցն են ներկայացնելու:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստահավաք խմբում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը, նոր զեկույցը կներկայացվի մոտ օրերս: «Որոշակի շտրիխներ են ուղղակի արվում հիմա»,- նշեց Քոչարյանը եւ հավելեց, որ զեկույցն ընդհանրական է լինելու:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանն արդեն չորս զեկույց են ներկայացրել: Դրանցից երկուսը վերաբերում էին ոստիկանության զորքերի զինծառայողների` Համլետ Թադեւոսյանի եւ Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներին, մեկը՝ ցուցարարների դեմ հատուկ միջոցների ապօրինի կիրառմանը, իսկ չորրորդ զեկույցում տվյալներ էին, որ խաղաղ ցուցարարների դեմ օգտագործվել է նաեւ մի խումբ պաշտոնյաների եւ օլիգարխների թիկնազորը:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը բռնություն է կիրառել շուրջ 10 օր Ազատության հրապարակում խաղաղ ցույցի ելած ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, իսկ նույն օրը՝ երեկոյան նաեւ հրազեն կիրառվեց, ինչի արդյունքում զոհվեցին 10 հոգի, վիրավորվեցին հարյուրավոր անձինք:



























