Մինչ հայ հանրությունն ու քաղաքական շրջանակները կբանավիճեն Մաքսային միությանը միանալու դրական ու բացասական հետեւանքների մասին, ընդհանուր գծերով ներկայացնենք, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այդ միությունը;
Նախ նշենք, որ Ռուսաստանը Մաքսային միություն ձեւավորելու առաջին փորձերն արել է դեռ 1995-96 թ.թ., սակայն 5 երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Տաջիկստան եւՂրղըզստան) ձեւավորած միությունը լիակատար ձախողում ապրեց, ու 1999 թ. փաստացի դադարեց գործելուց: Պատճառն անդամ երկրների ինքնագլուխ գործողություններն էին, ընդհանուր տարիֆային համակարգ ներդնելու անհաջող փորձերը:
Դրանից հետո Ռուսաստանը փոխում է մարտավարությունը՝ նախ 2000 թ. նախաձեռնելով Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷս) ստեղծումը: Այդ կառույցում Հայաստանը մինչ այսօր ունի դիտորդի կարգավիճակ: 2006 թ. Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը որոշում են ԵվրԱզԷս-ի շրջանակներում ստեղծել Մաքսային միություն: Նախորդ անհաջողությունը թույլ չտալու համար այս անգամ մոտ 4 տարի է տեւում նախապատրաստական աշխատանքները՝ իրավական փաստաթղթերի ու մոտ 70 համաձայնագրերի տեքստերի մշակումը: Նախատեսվում էր, որ արդեն 2010 թ. կեսերից մաքսային միությունը փաստացի կգործի, սակայն հենց սկզբից սկանդալ է հասունանում Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ՝ Բելառուսը պնդում էր վերացնել Ռուսաստանից ներկրվող նավթամթերքի նկատմամբ կիրառվող հարկերը: Արդյունքում՝ Ռուսաստանն ու Ղազախստանը երկուսով ստորագրեցին Մաքսային միություն ձեւավորելու հռչակագիրը, որին ավելի ուշ միացավ Բելառուսը: 2011 թ. Մաքսային միությանը միանալու ցանկություն հայտնեց Ղրղըզստանը:
Մաքսային միության անդամներն այսօրվա դրությամբ կարողացել են համաձայնեցնել մաքսային տուրքերի միասնական դրույքները ու դրանց բաշխումը, այս երկրների միջ եւ վերացվել է մաքսային հսկողությունը:
Դա հանգեցրեց նրան, որ 1 տարվա ընթացքում 3 երկրների միջեւ առեւտրաշարջանառությունն ավելացավ 40%-ով: Ռուսաստանի օգուտները մաքսային միության ստեղծումից հետո գնահատվում են մոտ 400 մլրդ դոլար, մյուս երկուսինը՝ մոտ 16-ական մլրդ դոլար:
Սակայն այս 1-2 տարվա ընթացքում նկատվում են նաեւ բացասական ազդեցություններ: Այսպես՝ ակնհայտ է դառնում, որ Մաքսային միությունն առավել շահավետ է խոշոր պետությունների ու խոշոր ընկերությունների համար, ու Ռուսաստանն այստեղ բոլորից շատ է շահում, քանի որ ռուսական խոշոր ընկերություններն ավելի հեշտությամբ են մուտք գործում այլ շուկաներ: Անգամ Ղազախստանը, որը բնավ էլ փոքր երկիր չէ, դժվարությամբ է մրցակցում Ռուսաստանի հետ: Ավելին՝ մաքսային միության մեջ մտնելու հետո հենց առաջին տարում Ղազախստանում զգալի թանկացան ավտոմոբիլները, պարենը եւ վառելիքը:
Մեկ այլ խնդիր էլ վերաբերում է մաքսանենգությանը: Քանի որ գործում է մեկ ընդհանուր մաքսային սահման, դրա որեւէ հատվածում հսկողության թուլացումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ մեկ այլ երկրում: Այսպես՝ չինական ապրանքները սկսել են ավելի անարգել մտնել ռուսական շուկա՝ ղազախական մաքսային սահմանով: Հենց Ռուսաստանի մաքսային մարմինների գնահատականով՝ Միության մեջ շրջանառվող ապրանքների մոտ կեսն արդեն մաքսանենգ է: Բացի այդ՝ հեշտացել են կապիտալի անօրինական արտահոսքի դեպքերը հատկապես Ռուսաստանից, քանի որ այդ նպատակով օգտագործվում են Ղազախստանի եւ Բելառուսի տարածքները: Արդեն իսկ խոսակցություններ կան այն մասին, որ Մաքսային միության ստեղծումից հետո թմրաբիզնեսի համար ոսկե դարաշրջան է բացվել, քանի որ թմրամիջոցը կարելի է պահուստավորել մի պետությունում, ու անարգել իրացնել մյուսում: վստահաբար կարելի է ասել, որ Մաքսային միության ընդլայնմամբ խիստ շահագրգռված են բոլոր հանցավոր խմբավորումներն ու ստվերային տնտեսության ներկայացուցիչները:
Այնուամենայնիվ՝ Ռուսաստանն ունի նախկին ԽՍՀՄ պետություններին Մաքսային միություն ներքաշելու հզոր լծակներ, հանձինս էներգակիրների: Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը ուժեղ կախվածություն ունեն ռուսական ներմուծումներից, ինչը Ռուսաստանը կարողանում է օգտագործել որպես ճնշման ու խրախուսման միջոց: Իրականում ռուս փորձագետներից շատերը գտնում են, որ չպետք է արագացնել Մաքսային միության ընդլայնման գործընթացը՝ հենց Ռուսաստանի շահերից ելնելով: Սակայն ներկայում Մոսկվան ակնհայտորեն շտապում է կանխել Եվրամիության Արեւելյան հարեւանության ծրագրի ընդլայնումը: Կարեւորը Մոսկվայի համար այն է, որ վիժեցվում է Ասոցացման համաձայնագրի նախասդտորագրումը:Այդ պատճառով Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը դեռ երկարատեւ գործընթաց կլինի անգամ մեծ ցանկության դեպքում, իսկ Երեւանի մոտ այդպիսի մեծ ցանկություն չի էլ նկատվում, անկախ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հնչած հայտարարություններից:
Բացի այդ՝ Ղազախստանի նախաձեռնությամբ ներկայում վերանայվում են Մաքսային միության բոլոր հիմնադիր փաստաթղթերը, որոնք ավարտուն տեսքի կբերվեն 2014 թվականից ոչ շուտ: Այդ պատճառով այս պահին նույնիսկ դժվար է ասել, թե Մաքսային միությունն իրականում ինչ տեսք կունենա 1-2 տարի հետո, կամ ինչպիսի օգուտներ ու վնասներ այն կարող է հասցնել մեր տնտեսությանը:
Պատրաստեց՝ Սամվել Ավագյանը





























