ԱՄՆ-ի կոնգրեսի վերին պալատի միջազգային հարաբերությունների հարցով հանձնաժողովը կողմ է քվեարկել Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու բանաձեւին, հաղորդում է Ռեյտեր գործակալությունը:

10 սենատորներ քվեարկել են նախագծի օգտին, հանձնաժողովի 7 անդամ դեմ է քվեարկել: Սենատն իր ամբողջական կազմով բանաձեւի նախագիծը կքննարկի սեպտեմբերի 9-ից ոչ շուտ, երբ ամառային արձակուրդից հետո վերականգնի իր աշխատանքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սպիտակ տունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրել է օգոստոսի 21-ին Դամասկոսում ընդդիմության ու խաղաղ բնաչության դեմ քիմիական զենքի կիրառման մեջ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել առանց ՄԱԿ ԱԽ թույլտվության Սիրիայում ռազմական գործողություն անցկացնել, սակայն հաստատման համար դիմել էր կոնգրեսին: Սիրիական իշխանությունները հերքում են զանգվածային ոչնչացման քիմիական զենք կիրառելու մեղադրանքները:

Իշխանության ներկայացուցիչները ամեն օր խորհրդակցում են օրենսդիրների հետ: Երեքշաբթի Սենատի արտաքին գործերի հանձանժողովի առջեւ հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը եւ  Շտաբերի պետերի միավորված հանձնաժողովի նախագահ Մարտին Դեմփսին: