Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 5-ին բացվել է G20 գագաթաժողովը՝ միջազգային տնտեսական եւ ֆինանսական առավել կարեւոր հարցերի օրակարգով։

«Մեծ քսանյակի» հիմնական թեմաներից է համաշխարհային տնտեսության վիճակի եւ հեռանկարների վերլուծությունը եւ կայուն, վստահ եւ հավասարակշռված աճի ապահովման մասին շրջանակային համաձայնագրի իրագործումը, համաշխարհային էներգետիկական շուկաների կայուն զարգացումը, միջազգային զարգացմանն աջակցելը, բազմակողմ առեւտրի ամրապնդումը, կոռուպցիային հակազդումը եւ այլն։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ գագաթաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իսպանիայի վարչապետի  եւ Կորեային Հանրապետության նախագահի հետ։ Կարճ հանդիպումներ են նախատեսված նաեւ Արգենտինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի ղեկավարների, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Սինգապուրի, Թուրքիայի վարչապետների, Առեւտրի համաշխարհային կազմակերպության, Համաշխարհային բանկի ու Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության ղեկավարների հետ:

Թեեւ G20-ի գագաթաժողովը ավանդաբար նվիրված է գլոբալ տնտեսական համագործակցությանը, այս տարի այն խոստանում է լինել անսովոր՝ կապված սիրիական ճգնաժամի հետ: Հենց այդ թեման, ըստ դիտորդների, գլխավոր կլինի ֆորումի մասնակիցների բանավեճերում: Պաշտոնապես սիրիական ճգնաժամը գագաթաժողովի օրակարգում ընդգրկված չէ, ուստի այդ թեմայով ցանկացած բանավեճ պաշտոնական չի լինի, նշում է BBC-ն:

G20-ում ընդգրկված է 19 երկիր՝ Արգենտինա, Ավստրալիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Կանադա, Չինաստան, Մեքսիկա, Թուրքիա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Ֆրանսիա, ՀԱՀ, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա եւ Եվրամիություն: Սանկտ Պետերբուրգում ներկա կլինի  33 երկրի պատվիրակություն: