Բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել տնտեսական ինտեգրման եւ զարգացման սեփական ճանապարհը՝ համաձայն իրենց ազգային շահերի: «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգթոնի թղթակիչ Ռիչարդ Սոլաշին այդ մասին ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:

Մեկնաբանելով Մաքսային միությանը անդամակցելու եւ Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին նախագահ Սերժ Սարգսյանի՝ Նովո Օգարյովոյում արած հայտարարությունը՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյան նաեւ ընդգծել է․ «Ոչ մի երկիր իրավունք չունի որոշել այլ երկրի քաղաքական եւ տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշել, թե ինչ դաշինքների եւ առեւտրական համաձայնագրերի այն կարող է միանալ»:

«Մեզ քաջալերում էր Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ  բանակցությունների ավարտը, քանի որ այն կնպաստեր Հայաստանի արդիականացմանը եւ բարեփոխմանը», - շարունակել է ամերիկացի դիվանագետը:

Ընդգծելով, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, որն ինքը պետք է որոշի իր ուղեգիծը, Պետդեպարտամենտի պաշտոնյան ավելացրել է․ «Այս որոշումները կենսական կարեւորություն ունեն, եւ դրանք հայաստանցիների ու Հայաստանի որոշելիք հարցն են»:

«Մենք խրախուսում ենք Հայաստանին հավատարիմ մնալ քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում իր մի շարք հանձնառություններին եւ ամենակարեւորը՝ իր նվիրվածությանը հետագա ժողովրդավարացմանը, քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներին եւ եվրոպական ինտեգրացիային», - ամփոփել է ամերիկացի դիվանագետը: