Սիրիայի հարցով առանձին հանդիպումներ Սանկտ Պետերբուրգում բացված G20 գագաթաժողովի շրջանակում չեն նախատեսվում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առանձին հանդիպումներ չեն նախատեսվում, բայց ամեն ինչ կախված է առաջնորդներից», - նրա խոսքերն է փոխանցում utro.ru-ն:
Պեսկովը նաեւ հաղորդել է, որ Պուտին-Օբամա առանձին հանդիպում չի նախատեսվում, թեեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներն այսպես թե այնպես կզրուցեն՝ միասին գագաթաժողովին մասնակցելու ընթացքում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ավելի վաղ հայտնել էր, որ Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը գագաթաժողովի շրջանակում կարող են քննարկել Սիրիայի հարցը: G20-ի նախօրեին իր հարցազրույցում Պուտինը հայտարարել էր, որ գագաթաժողովի շրջանակում Օբամայի հետ զրույցի ակնկալիք ունի:
Սպասվում է, որ Օբաման Սանկտ Պետերբուրգ կժամանի այսօր՝ ժ. 13:50-ին: Այդ ժամին Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Չինաստանի, Ճապոնիայի եւ Իտալիայի նախագահների հետ, այնուհետեւ կմասնակցի ԲՌՀՉՀ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) հանդիպմանը: Գագաթաժողովի պաշտոնական բացումը կկայանա Մոսկվայի ժամանակով ժ. 16:00-ին:
Չնայած Սիրիայի իրավիճակը հիմնական օրակարգում ընդգրկված չէ, սպասվում է, որ հարցը գագաթաժողովում առանցքային կդառնա:





























