Հայաստանն անկախ պետություն է եւ որեւէ մեկի վասալը չէ, որպեսզի երկրի նախագահին ինչ-որ տեղ հրավիրեն եւ ստիպեն հապճեպ որոշում կայացնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ մեկնաբանելով երկրի նախագահի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է միանալ Մաքսային միությանը:
Արզումանյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի վրա ճնշում են գործադրել. «Որպես ընդդիմադիր պատգամավոր՝ հավաստի տեղեկություններ չունեմ երկու երկրների նախագահների հանդիպման մասին, սակայն դատելով հապճեպ կայացրած որոշումից՝ ակնհայտ է, որ նրա վրա ճնշում են գործադրել: Նման տպավորություն ունեն նաեւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտարարել են, որ Հայաստանի վրա աննախադեպ ճնշում է գործադրվել»: Նա նաեւ ընդգծել է, որ նմանատիպ որոշումները պետք է կայացվեն հանրաքվեի արդյունքում: Այն հարցը, արդյոք Ասոցացման մասին համաձայնագրի վերաբերյալ որոշումը պետք է հանրաքվեի միջոցով ընդունվի, անպատասխան մնաց:
Արզումանյանը նաեւ հավելել է, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են այն մասին, որ ԵՄ հետ բանակցություններ են տարվում եւ այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում պետք է փաստաթուղթ նախաստորագրվի: Արզումանյանի կարծիքով՝ Հայաստանի նախագահի հայտարարությունը հակասում էր նախօրեին արվածին: «Եթե Սերժ Սարգսյանը լեգիտիմորեն ընտրված նախագահ լիներ, իրավիճակն այլ կլիներ. անհնար է լեգիտիմորեն ընտրված նախագահին ստիպել հապճեպ որոշում կայացնել: Եթե իշխանությունն օրինական լիներ, ապա նախագահը վստահ կլիներ ժողովրդի աջակցության վրա»,-հայտարարել է Արզումանյանը:





























