Եվրոպացի դիվանագետները ապշեցին, երբ Հայաստանը, որն այդքան ձգտում էր ԵՄ հետ հարաբերություններին, դրա փոխարեն ընտրեց Մաքսային միությունը, այդ կերպ Կրեմլին տարածաշրջանում ազդեցության համար Բրյուսելի հետ պայքարում հաղթանակ շնորհելով: Այս մասին Հայաստանի նախագահի որոշմանը նվիրված իր հոդվածում գրում է «The Wall Street Journal»-ը:
Ըստ հրատարակչության վերլուծաբանների՝ հարցն այժմ կայանում է նրանում, կհետեւեն արդյոք Հայաստանի քայլին Խորհրդային միության մյուս նախկին պետությունները: «Ռուսաստանը ազդեցության խոշոր լծակներ ունի, քանի որ որոշում է վառելիքի արժեքը»,- գրում են հեղինակները՝ նշելով նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հետ հակամարտող Հայաստանին խոստացված անվտանգության երաշխիքների մասին:
«Այն փաստը, որ Հայաստանի նկատմամբ ճնշում են գործադրել, անակնկալ չէր: Սակայն այն հանգամանքը, որ Հայաստանը ճնշման ներքո փոխեց իր որոշումը, մեծ անակնկալ էր, եւ մենք խորապես զղջում ենք այդ մասին»,- հայտնում է Եվրախորհրդարանի անդամ Յացեկ Սարիուշ-Վոլսկին:
Հոդվածի հեղինակները ընդգծում են, որ տնտեսական տեսանկյունից Հայաստանը կողմերից որեւէ մեկի համար մեծ պարգեւ չէ, եւ ԵՄ-ում ասոցացման վերաբերյալ համաձայնագիրն ընկալվում էր որպես դիվանագիտական հաղթանակ:
Իրավիճակին ծանոթ արեւմտյան դիվանագետներից մեկը հայտարարել է, որ Հայաստանը ԵՄ հետ բանակցությունները բարեխղճորեն վարում էր, «սակայն իրենք նույնպես Ռուսաստանի կողմից նման ճնշման չէին սպասում»: Նրա խոսքով, ԵՄ-ն կշարունակի Հայաստանի հետ այս հարցերի շուրջ աշխատանքը, ինչպես օրինակ Հայաստանի հետ մուտքի վիզային համակարգի թեթեւացումը, երբ կբախվի Մաքսային միությունում Ռուսաստանի գերակայության հետ:
«Հայաստանի որոշումը առավել լայն համատեքստում է անհանգստություն առաջացնում: Ճնշումը վերաբերում է ասոցացման ճանապարհին գտնվող բոլոր 4 երկրներին: Սա պատկերի ընդլայնված մասն է, եւ վտանգ կա, որ այս որոշումը դոմինոյի էֆեկտ կունենա»,- համարում է Սարիուշ- Վոլսկին:





























