Սիրիայում իրադրության կարգավորման վերաբերյալ G20-ի երկրների առաջնորդների կարծիքները երկու մասի են բաժանվել, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է սիրիական թեմայի քննարկմանը, ապա ընթրիքի ընթացքում հաստատվել է առաջնորդների տարակարծությունը: Մի շարք պետություններ աջակցում են շուտափույթ միջոցներ ձեռնարկելու գաղափարը: Պետությունների մի ամբողջ շարք էլ կոչ է արել չարժեզրկել միջազգային իրավունքը եւ չմոռանալ, որ միայն ՄԱԿ-ի ԱԽ-ն իրավունք ունի ուժ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու», - ասել է Պեսկովը:

Ընդ որում, Պեսկովը նշել է, որ «ուժերը գրեթե երկու մասի են բաժանվել», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

G20-ի երկրների գործնական ընթրիքը  հաստատել է Սիրիայի հարցում միասնական կարծիքի բացակայությունը, այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նաեւ Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան, նշում է  rbc-ն:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հասկացրել է, որ մեծ հույսեր չէր կապել ընթրիքի ընթացքում Ռուսաստանի դիրքորոշումը փոխելու հետ կապված: Ի տարբերություն այլ առաջնորդների` Օբաման ընթրիքին ժամանել է մեկ ժամ ուշացմամբ եւ չի մասնակցել ընթրիքից առաջ Պետերգոֆի այգում կատարված զբոսանքին, որը կազմակերպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս հանդիպումը Սիրիայի նշանի տակ է տեղի ունենում: Սանկտ Պետերբուրգում են գտնվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը եւ ՄԱԿ-ում  ու ԱՊԼ-ում Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին: Նրանք G20-ի առաջնորդներին կոչ են արել գործադրել բոլոր ջանքերը` Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետությունների ղեկավարներին պատմել է օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական զենք կիրառելու տեղեկության վերաբերյալ փորձագետների քննության ընթացքի մասին:

Սիրիայի հարցով ռուսական կողմի դիրքորոշման վերաբերյալ կտրուկ հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը: Նա ասել է, որ «Ռուսաստանը շարունակում է ԱԽ-ին պատանդի կարգավիճակում պահել եւ խուսափել  միջազգային հանրության առաջ ստանձնած իր պարտականությունները կատարելուց», նկատի ունենալով այն, որ Մոսկվան արգելափակել էր Սիրիայի հարցով բանաձեւերը: