G20-ի մասնակից երկրների առաջնորդները հավանություն են տվել «Պետերբուրգյան ծրագրին», որն ուղղված է համաշխարհային տնտեսության զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս մասին սեպտեմբերի 5-ի երեկոյան հայտնել է  Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը` գագաթաժողովի առաջին օրվա արդյունքների ամփոփման ճեպազրույցի ժամանակ:

Ըստ նախարարի` ծրագրին «բոլորը միաձայն» կողմ են եղել: Սիլուանովը նաեւ հայտնել է, որ ծրագիրը նախատեսում է ներդրումները խթանելու միջոցներ եւ արտացոլում է G20-ի մասնակից երկրների` պարտքերը մարելու եւ պակասուրդը կրճատելու ձգտումը:

Սիլուանովը հավելել է, որ գագաթաժողովի մասնակիցները հավանություն են տվել միջազգային հարկային օրենսդրության բարելավմանն ուղղված նախագծին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի դրանից, G20-ն ընտրել է 40 ֆինանսական կառույցներ` խոշոր բանկեր, ապահովագրական ընկերություններ, որոնք չեն կարող սնանկանալ: Դրանց եւ դրանց բաժնետերերի նկատմամբ հավելյալ վերահսկողություն կիրականացվի:

G20-ի ամենամյա երկօրյա հանդիպումը Սանկտ Պետերբուրգում բացվել է սեպտեմբերի 5-ին: Գագաթաժողովը տեղի է ունենում Ռուսաստանում, քանի որ 2013թ. ՌԴ-ն «Մեծ քսանի» նախագահողն է: