Կամ Մոսկվան ստիպել է Հայաստանին միանալ Մաքսային միությանը, կամ էլ Պուտինը մեծ խոստումներ է տվել Սերժ Սարգսյանին, ասենք խոստացել, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Մարդու իրավունքների հետազոտությունների հաստատության խաղաղության հաստատման բաժնի տնօրեն  Դեյվիդ Ֆիլիպսը: Նրա խոսքով՝ իրեն շատ է զարմացրել միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը։

Թրքախոս երկրների հաջորդ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղում անցկացնելու մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը Դեյվիդ Ֆիլիպսն անվանում է «ակներեւ երեւակայություն», ենթադրելով, թե Գյուլը  մոռացել է, որ Ղարաբաղում հայեր են ապրում։ Նրա խոսքով, Գյուլի հայտարարությունը պարզ սադրանք է՝ ուղղված հայերին:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու հարցում Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից գլխավոր դեր ստանձնելու կարեւորության մասին մի շարք վերլուծաբանների տեսակետներին, նա ասում է, թե ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ռուսաստանն անկողմնակալ չեն, հիշեցնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 4 միլիարդ դոլարի համարժեք զենք վաճառելու փաստը, նաեւ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նավթային պետական երկու ընկերությունների միջեւ սերտ համագործակցությունը։

«Թուրքիան մեծ երկիր է, սակայն դեռեւս ունի հասունանալու կարիք, որպեսզի արգելի Ադրբեջանի կողմից իր դեմ հնչող իրականացվող ճնշումները», ասում է նա։

Նա հավատում է, որ հայերն ու թուրքերը կարող են գտնել հաշտեցման նոր եզրեր ու հայ-թուրքական հաշտեցման առաջին նախաձեռնությունից տարիներ անց առկա բիզնեսային որոշ կապեր, մշակույթի բնագավառում համագործակցությունը համարում դրական ու նկատելի առաջընթաց, ինչը իրական կյանքի կոչելու համար հարկավոր է քաղաքական նոր խիզախություն։ «Այլապես քաղաքացիական հասարակության ջանքերն այդպես էլ կմնան միայն երազանք»։