ԵՄ-ն շարունակում է գնահատել Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրավիճակը: Շարունակվում են նաեւ բանակցությունները  եւ խորհրդակցություններիը գործընկերների հետ եւ նրանց տեղյակ պահելու գործընթացը: Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունում:՝ 

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու իր որոշման մասին,  դժվար է պատկերացնել այդ երկրի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես որ սահմանվել էր բանակցությունների ընթացքում: «Հիմնվելով այս պահին մեր ունեցած տեղեկությունների վրա կարելի է ասել, որ Մաքսային միության առջեւ պարտականությունների համատեղումը Ասոցացման համաձայնագրի եւ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի նկատմամբ պարտավորությունների հետ խնդրահարույց է թվում»,-հայտարարել է Ֆյուլեն:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է հարգել գործընկերների ընտրության սուվերեն իրավունքը, թե ինտեգրման եւ համագործակցության ինչ շրջանակում կցանկանային շարունակել համագործակցությունը: «Համոզված ենք, որ Հայաստանի հետ համագործակցության վերջին տարիներին համատեղ ուժերով ձեռք բերածի հետագա ամրապնդումը  բոլորի շահերից է բխում»,-ընդգծել է եվրահանձնակատարը: