Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը բաց նամակ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մ. Յովանովիչին, որում նշել են, թե ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների մասին զեկույցում անճշտություններ կան ջավախահայության իրավունքների խախտումների վերաբերյալ:
Ըստ կազմակերպության՝ զեկույցում «որեւէ բան չի ասվում ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքականության խտրական դրսեւորումների վերաբերյալ»:
«Զեկույցը, ներկայացնելով ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործը, որեւէ կերպով չի անդրադառնում 2007-09թթ. ջավախահայ այլ ակտիվիստների նկատմամբ վրացական իշխանությունների համակարգված բնույթ կրող քաղաքական հետապնդումներին: Մինչդեռ, վրացական ուժային կառույցների ուղղակի եւ անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու եւ հեռակա դատավարություններ անցկացնելու հետեւանքով իրենց հայրենիքն են լքել եւ/կամ քաղաքական գործունեությունն են դադարեցրել տասնյակ ջավախահայ քաղաքական ակտիվիստներ (Արթուր Պողոսյան, Գուրգեն Շիրինյան, Արամ Բաթոյան, Գրիգոր Մինասյան, Սերգեյ Հակոբջանյան եւ այլոք)»,- նշել են նամակի հեղինակները՝ հավելելով, որ փաստական անճշտություններ է պարունակում զեկույցի՝ Չախալյանի գործին վերաբերող հատվածը:
«Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը, մտավախություն ունենալով, որ իրականությանը չհամապատասխանող տվյալները կարող են հետագայում օգտագործվել այլ փաստաթղթերում, խնդրում է ԱՄՆ պետքարտուղարությանը՝ վերանայել զեկույցի՝ ջավախահայության խնդիրների վերաբերող հատվածը»,- ասված է նամակում:




























