Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դրական է գնահատում փաստը, որ պաշտոնական Երեւանն ընդունել է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, հաղորդում է ադրբեջանական Trend News-ը:
«Դա լավ հնարավորություններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջին փուլի շարունակման եւ ավարտման համար՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, նաեւ նոր առավել մեծ խաղաղ համաձայնագրի մշակման համար»,- հայտարարել է Մամեդյարովը մարտի 19-ի մամուլի ասուլիսում:
Միեւնույն ժամանակ նա նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ չեն կապվել իր հետ՝ տվյալ հարցի կապակցությամբ:
«Անհրաժեշտ է միջնորդների հետ քննարկվել հետագա քայլերը»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հայտարարել է, թե կողմերը շարունակում են առաջարկներ ներկայացնել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Նա նշել է, որ հայկական կողմը ընդունել է մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցային գործընթացի հիմք:



























