Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը վրաերթ չի կատարել քաղաքացի Արտյոմ Հայկյանի վրա, Ազգային ժողովի ճեպազրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

"Իհարկե ցավալի է, որ Արտյոմ Հայկյանը զոհվել է, բայց դա վարորդի մեղքը չէ: Հայկյանն ինքն է խախտել երթեւեկության կանոնները: Երբ հետիտոնը խախտում է ճանապարհային երթեւեկության կանոններն ու հայտնվում մեքենայի տակ, սա չի կարելի «վրաերթ» անվանել, դա «պատահար» է: Դիտարկմանը, որ ոստիկանությունում այդ միջադեպը որակվել է որպես վրաերթ, Սահակյանը նկատել է. «Դուք կարծում եք, որ ոստիկանները տերմինների մեջ լրագրողներից շա՞տ են հասկանում, հավանաբար տեղեկագիրը գրել է ինչ-որ մի կիսագրագետ կամ մեկը, ով նույն կրթությունն է ստացել, ինչ լրագրողները»:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին, ժամը 20.40-ին Հերացի փողոցում 311 ՕՕ 11 համարանիշի «Շեւրոլե» մեքենան, որի ղեկին եղել է Խաչիկ Ա.-ն, վրաերթի է ենթարկել 43-ամյա Արտյոմ Հայկյանին, ով տեղում մահացել է:

Միջադեպից հետո մեքենան փախել է: Նշենք, որ մեքենան պատկանում է «Արփա-Սեւան» ընկերությանը, որն իր հերթին պատկանում է պատգամավոր Հակոբ Հակոբյանին: Վերջինս հերքել է, որ դեպքի ժամանակ եղել է մեքենայում: