Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է է ներկայացվել, որի քննարկումը կայանալու է մեկ շաբաթից: NEWS.am-ը ներկայացնում է նախագծի ոչ պաշտոնական թարգմանությունը:
«Բուլղարիայի Հայտարարությունը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործադրված ցեղասպանության վերաբերյալ. Հայ ժողովրդի դեմ իրագործված թրքական ցեղասպանությունը հանդիսանում է մարդկության դեմ կատարված ամենաչարագուշակ ոճրագործություններից մեկը նոր պատմության ընթացքում: Հայ ժողովրդի դեմ 20-րդ դարի սկզբներին թուրք իշխանությունների նախաձեռնած գործողությունների ամբողջական իմաստը եւ խորքը հասկանալու համար, հարկավոր է նկատի ունենալ, որ ըստ էության դա վատ քողարկված, սակայն նպատակաուղղված քաղաքականություն էր, որը ձգտում էր հայ էթնոսի ամբողջական ոչնչացմանն իր վաղեմի տարածքային սահմաններում՝ Արարատից մինչեւ Անատոլիա: Թուրք կառավարությունը նպատակ ուներ այդ տարածքներում տեղադրել Բալկաններից եկող բազմաթիվ մահմեդական փախստականներին:
Այս իմաստով առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող բռնությունները հայերի նկատմամբ 1915-1917 թթ. ընթացքում, ըստ էության հանդիսանում են իշխանությունների կողմից լավ մտածված մի ծրագիր, որը նախատեսում է հայերի կազմակերպված տեղահանումը զինված պահակախմբերի ուղեկցությամբ, նրանց նպատակաուղղված չարչարանքը եւ ոնչնչացումը , ինչպես կանոնավոր զորքերի, այնպես էլ բաշիբոզուկի կողմից, այդ թվում՝ խաղաղ բնակչության ջարդ, բռնաբարություն եւ կողոպուտ, հայերի հողերի եւ գույքի բռնագրավում: Սա հանդիսանում է հայկական էթնիկական հանրության ֆիզիկական, տնտեսական եւ բարոյական ոչնչացման համակարգ, որի չարագուշակ արդյունքն են միայն մի քանի ամսվա ընթացքում սպանված մոտ մեկուկես միլիոն հայերը:
Նշված փաստերի առումով, Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովը, ընդունելով 1915-1917 թթ. ընթացքում Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից 1 500 000 հայերի բռնի եւ նպատակաուղղված ոչնչացումը ապացուցող փաստերի անհերքելիությունը, նկատի առնելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովրդի դեմ իրականացված բռնությունը Եվրոպայի խորհրդարանի եւ մի շարք ԵՄ անդամ պետությունների կողմից՝ Բելգիա, Հոլանդիա, Հունաստան, Իտալիա, Լիտվա, Լեհաստան, Սլովակիա, Ֆրանսիա, որակվել է որպես ցեղասպանություն՝ դատապարտելով հայ բնակչության ցեղասպանությունը,
Հայտարարում է.
1. Իր անհամաձայնությունն է հայտնում 1915-1917 թթ. ընթացքում հայ ժողովրդի դեմ գործադրված նպատակաուղղված բռնության հերքմանը նվիրված թուրք կառավարության պաշտոնական դիրքորոշման նկատմամբ:
2. Կոչ է ուղղում Թուրքիայի Հանրապետությանը՝ վերանայել իր վերաբերմունքը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած պատմական իրողությունների նկատմամբ:
3. Որպես ցեղասպանություն է որակավորում հայ ժողովրդի բռնի տեղահանումը եւ ոչնչացումը Օսմանյան կայսրությունում:
4. Հայտարարում է նշված պատմական իրադարձությունների օբյեկտիվ արտացոլման պարտավորիչ անհրաժեշտությունը Բուլղարիայի Հանրապետության բոլոր պետական ինստիտուտների, քաղաքական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների փաստաթղթերում, հրապարակումներում եւ հրապարակային ելույթներում:
5. Ընդունում է, որ Թուրքիայում բուլղար եւ հայ կրոնական եւ ճարտարապետական ժառանգության հուշարձանների պաշտպանումը եւ պահպանումը պետք է դիտել որպես եվրոպական քաղաքակրթության մշակութային ժառանգության պահպանմանը ուղղված մի առավել լայն քաղաքականության բաղադրյալը:
6. Պահանջում է, որ ԵՄ-ին Թուրքիայի Հանրապետության անդամակցության վերաբերյալ բանակցությունների ընթացքում բուլղարական կառավարության դիրքորոշումը կապված լինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանչման հետ»:



























