Քեսոնում երկու Կորեաների արդյունաբերական համալիրը, որը փակ էր մի քանի ամիս,  վերսկսել է աշխատանքը սեպտեմբերի 16-ի առավոտյան: 

Հարավային Կորեայի կառավարությունից  հայտնել են, որ Կեսոնում արտադրություն ունեցող 123 ընկերություններից աշխատանքը վերսկսելու որոշման մասին հայտնել է  գրեթե կեսը: Սպասվում է, որ սեպտեմբերի 16-ին արդյունաբերական համալիրում աշխատանքի դուրս կգան Հարավային Կորեայի 800 քաղաքացի, հայտնում է «Ռեբհապ» գործակալությունը:

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի համալիրի բացման մանրամասները վերջնականապես համաձայնեցվել էին սեպտեմբերի 11-ին: Փհենյանը երաշխավորել էր, որ Կեսոնի աշխատանքը նորից չի դադարեցվի ԿԺԴՀ-ի միակողմանի որոշման պատճառով: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի իշխանությունները հեշտացրել են Հարավային Կորեայի քաղաքացիների մուտքի եւ ելքի գործընթացը եւ համաձայնել են համատեղ հանձնաժողով ձեւավորել` համալիրի գործունեության կառավարման համար, հայտնում է lenta.ru-ն:

Կեսոնի արդյունաբերական համալիրը փակվել էր ապրիլի կեսին` ԿԺԴՀ-ի նախաձեռնությամբ: Դրան նախորդել էր Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ հարաբերությունների զգալի լարվածությունը: Կեսոնի համալիրն առաջին անգամ իր աշխատանքն սկսել էր 2004թ.: Այն ԿԺԴՀ-ի 55 հազար քաղաքացիների համար աշխատատեղ է բացում, ինչպես նաեւ երկրի համար շահույթի հիմնական աղբյուրն է: