Արտաշատ համայնքում, որտեղ ՔՊ–ից բացի երկու ընդդիմադիր ուժ էր մասնակցում ՏԻՄ ընտրություններին, այդ թվում ՀՅԴ–ն, մենք շուրջ 90% վստահության քվե ստացանք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 25–ին 19 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։
«Սա իհարկե ուրախալի է, որ վերընտրվում է նույն համայնքի ղեկավարը, այսինքն գոհ են բնակիչները համայնքի ղեկավարից և գնահատում են այն հսկայական աշխատանքը, որը կատարվել է, բայց մյուս կողմից մտահոգիչ է այն առումով, որ Հայաստանում կուսակցական համակարգը չի զարգանում։ Մի կողմից կա գաղափարական կուսակցություն՝ ՔՊ–ն, մյուս կողմից կան անհատի ու փողի շուրջ հավաքված ինչ-որ մարդիկ, և նրանց շուրջ դժվար են մարդիկ համախմբվում»,–ասաց նա։
Անդրադառնալով մեղադրանքներին, թե իշխանությունները բռնաճնշումների են դիմում, վարչական լծակներ են կիրառում, Հասմիկ Հակոբյանն ասաց. «Ընդիմությունը, լինելով քաղաքականապես սնանկ, այդպես արդարանում է քաղաքացիների մոտ, թե ինչու չի առաջադրվել, որովհետև երբ որ առաջադրվի և ստանա այն քվեները, որտեղ շանս են տեսել ու առաջադրվել են, դա ընդհանուր առմամբ, իրենց քաղաքական դիվիդենտ չի բերի։ Նույնիսկ այն տեղամասերում, որտեղ երեք թեկնածու է եղել, ընդդիմությունը մեկ ձայն չի ստացել, էլի ՔՊ–ն 100% անոց ձայն է ստացել համայնքից։ Դա մտահոգիչ է այն առումով, որ չկա այլընտրանք, քաղաքացիները չեն տեսնում այդ այլընտրանքը և միգուցե չեն գնում ընտրության»։
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին պետք է պետականակենտրոն ընդդիմություն և խոսել է արտահերթ ընտրությունների մասին, ինչո՞ւ է իշխանությունը ուզում փոխել ընդդիմությանը, որը կես մլն ձայն է ստացել, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Այսօրվա ընդիմությունը համախմբված է հարուստ անհատների շուրջ, անգամ գաղափարական Դաշնակցություն կուսակցությունը այսօր Քոչարյանի ոտքերի տակ ընկած ինչ-որ մի ուժ է դարձել։ Սա ես ցավով եմ ասում, որովհետև 100-ից ավելի տարեկան կուսակցություն է, բայց այսօր դարձել է հարուստ Քոչարյանի շուրջ համախմբված մի առանձնյակ։ Դրանք փողի ուժեր են և դա ապացուցում է նաև համապետական ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ հարուցված քրեական գործերը։ Այս անգամ «Ուժեղ Հայաստանը» առաջադրվել էր մեկ համայնքում, որտեղ էլի բռնվեց ընտրակաշառքի վրա։ Եթե գաղափարական առանցքի շուրջ հավաքված ուժեր լինեին, կառաջադրվեին։ Իրենք ուզում են լինել վարչապետ ու վերջ, առանց աշխատելու քաղաքացու հետ։ Բա դա ենք ասում, որ եթե այս մարդիկ ունենան նպատակ մասնակցելու երկրի կառավարմանը, բարելավելու մարդկանց կյանքը, ապա կգնային, կմասնակցեին, ուղղակի անունը դրել են բռնաճնշում, այդպես հեշտ փաթեթավորում են տվել ու գնացել, նստել էին իրենց տներում»,– հայտարարեց ՔՊ–ական պատգամավորը։





























